Յունկերը ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի փոխգործակցության առաջարկով նամակ է ուղարկել Պուտինին
ՄիջազգայինԵվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը նամակ է ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին' ԵՄ-ի և Եվրասիական տնտեսական միության համագործակցության առաջարկով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այդ մասին TASS-ին տեղեկացրել են Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունից: «Յունկերը նամակ է ուղարկել նախագահ Պուտինին' G-20-ի գագաթնաժողովի շրջանակում անցած երկուշաբթի ունեցած իրենց կարճատև զրույցից հետո»,- նշել է մամուլի ծառայությունը:
Եվրահանձնաժողովի ներկայացուցչի խոսքով' «նամակում ընդգծվում է Յունկերի պատրաստակամությունը' ԵԱՏՄ-ի հետ փոխգործակցությունը դիտարկելու հարցում, սահմանված կարգով և խորհրդակցությունների տեսքով' կազմակերպության անդամ-պետությունների հետ, մինսկյան համաձայնագրի իրականացման հետ միաժամանակ»:
Հոկտեմբերի կեսերին ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը տեղեկացրել էր, որ ԵԱՏՄ երկրները, ավելի կոնկրետ ԵԱՏՄ հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոն Եվրահանձնաժողովի նախագահ Յունկերին է ուղարկել տնտեսական համագործակցության համաձայնագրի նախագիծը: Նրա խոսքով' այդ փաստաթուղթը վերաբերում է երկու կազմակերպությունների ինտեգրմանը: Համապատասխան առաջարկությունները հաստատվել էին սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ: