«Ռոստովի» 17-ամյա դարպասապահը՝ ռուսական Պրեմյեր լիգայի ռեկորդակիր սեյվերի քանակով
Սպորտ«Ռոստովի» 17-ամյա դարպասապահ Դենիս Պոպովը «Սոչիի» դեմ Ռուսաստանի առաջնության 23-րդ տուրի խաղում 15 անգամ իր թիմին փրկել է գոլից, ինչը ռեկորդ է։ Ռուսական Պրեմյեր լիգայի նախորդ ռեկորդը հավասար էր 13 սեյվի։
Հիշեցնենք, որ Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում տեղի ունեցած խաղում «Ռոստովը» պարտվել է 1։10 հաշվով։ Պոպովը հետ է մղել նաեւ 11 մետրանոց հարված։
«Ռոստովի» կազմում հայտավորված էին ակումբի մինչեւ 20 տարեկան ֆուտբոլիստները, քանի որ գլխավոր թիմի 6 ֆուտբոլիստների մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս, եւ ամբողջ կազմը ինքնամեկուսացած է։ «Սոչին» չէր համաձայնել հանդիպման հետաձգմանը։
«Ռոստովը» հանդես եկավ կազմով, որի միջին տարիքը (17,2) ամենացածրն էր Ռուսաստանի Պրեմյեր լիգայի պատմության մեջ։
«Սոչին» 27 միավորով 9-րդն է, «Ռոստովը» չորրորդն է՝ 38 միավոր։
Ռուսաստանի առաջնություն, 23-րդ տուր
«Սոչի» - «Ռոստով»՝ 10։1
Վլադիմիր Աբրամով, 6, ինքնագոլ, Ալեքսանդր Կոկորին, 15, 44, 51, Անտոն Զաբոլոտնի, 45+1, 47, Իվան Նովոսելցեւ, 53, Դմիտրի Պոլոզ, 74, 86, Նիկիտա Կոլդունով, 87 – Ռոման Ռոմանով, 1
Չիրացրած 11մ՝ Անտոն Զաբոլոտնի («Սոչի»), 26