A321-ի ինքնագրիչի ձայնագրության վերջին վայրկյանները կվերծանեն Եգիպտոսի սահմաններից դուրս
ՀասարակությունՍինայում աղետի ենթարկված ռուսական A321 ինքնաթիռի ինքնագրիչի ձայնագրության վերջին յոթ վայրկյանները կվերծանվեն Եգիպտոսի սահմաններից դուրս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, եգիպտական «Ալ Ահրամ» թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել Է երկրի քաղաքացիական ավիացիայի նախարար Հուսամ Քամալը:
«Այդ ձայնը կվերլուծվի հատուկ սարքավորման միջոցով, որը պետությունների մեծ մասում չկա: Ուստի «սեւ արկղի» ձայնագրության վերջին յոթ վայրկյանները կուղարկվեն ինքնաթիռի արտադրող պետություններից մեկը»,- ասել Է նախարարը:
Ավելի վաղ աղետի հետաքննության հանձնախումբը հայտնել Է, որ ձայնային ինքնագրիչից ստացված տեղեկատվության վերլուծության ժամանակ հայտնաբերվել Է կողմնակի աղմուկ, որի բնույթը մինչ այժմ չի որոշվել եւ այն պարզելու համար կպահանջվի տվյալների հատուկ սպեկտրային վերլուծություն:
Ռուսաստանի «Կոգալիմավիա» ավիաընկերության A321 ինքնաթիռը, որը կատարում Էր Շարմ Էշ Շեյխ – Սանկտ Պետերբուրգ 9268 չվերթը, հոկտեմբերի 31-ին աղետի Է ենթարկվել Սինայի թերակղզում: Զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 217 ուղեւորներն ու անձնակազմի յոթ անդամները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: