Իշխանությունների հաջորդ քայլը խորհրդարանում․ «Ժողովուրդ»
Ուշադրության կենտրոնում«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մասով Ազգային ժողովում որոշում կայացնելուց հետո իշխանություններն անցնելու են խորհրդարանում Սահմանադրական դատարանի հարցը կարգավորելուն: Ինչպես հայտնի է, դեռ մայիսի 13-ին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը դիմել էր Վենետիկի հանձնաժողովին՝ ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ:
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վենետիկի հանձնաժողովի պատասխանը ստացվել է, եւ մոտ երկու շաբաթվա ընթացքում խորհրդարան կներկայացվի արդեն Սահմանադրական դատարանի մասով համապատասխան նախագիծը: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնել էր, որ իշխանությունները մշակել են ՍԴ ճգնաժամի լուծման ուղիներից մեկը: Եվ, ըստ այդ տարբերակի, Սահմանադրական դատարանի այն դատավորները, որոնք պաշտոնավարել են 12 տարուց ավելի, կդադարեն պաշտոնավարել: Եվ այս պարագայում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի մնալ դատարանի անդամ, իսկ երկու դատավոր՝ Հրանտ Նազարյանն ու Ֆելիքս Թոխյանը, կդադարեն լինել ՍԴ անդամներ, քանի որ նրանք պաշտոնավարում են 12 տարուց ավելի: Այսինքն՝ վեթթինգի օրինակով իշխանությունները որոշել են մաս-մաս լուծել Սահմանադրական դատարանի հարցը, ու առաջին փուլում այս երկու դատավորները հրաժեշտ կտան իրենց պաշտոնին»: