Ինձ համար հաճելի պրոցես չի, չէի ցանկանա, որ որեւէ մեկը հայտնվի պարոն Ծառուկյանի եւ իմ կարգավիճակում. Արսեն Ջուլֆալակյան
ՀասարակությունԻնձ համար բացարձակ հաճելի պրոցես չի, չէի ցանկանա, որ որեւիցե մեկը հայտնվի Գագիկ Ծառուկյանի եւ իմ կարգավիճակում։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։
Հարցին՝ արդյոք Ջուլֆալակյանի ընտանիքը մտերիմ հարաբերություններ ունի՞ Ծառուկյանի ընտանիքի հետ, Արսեն Ջուլֆալակյանն ասաց. «Մենք մտերիմ հարաբերությունների մեջ ենք այնքանով, ինչքանով որ նախատեսել է սպորտ ՀԱՕԿ նախագահ, մարզիկ, հայրս՝ մարզիչ կարգավիճակում։ Ոչ քավոր-սանիկական, ոչ էլ բարեկամական կապ կա»։
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի շուրջ հարուցված քրեական գործերին՝ Ջուլֆալակյանն ասաց. «Ես այս հարցին նայում եմ ոչ թե մարզիկ, այլ որպես պատգամավոր։ Հաշվի առնելով շուրջ 15 տարվա իմ սպորտի բնագավառում ունեցած հարաբերությունները՝ ինձ համար բարոյական առումով ցանկալի չէր մասնակից դառնալ այդ պրոցեսներին։ Ես այս ընթացքում չեմ արտահայտվել՝ ոչ դրական, ոչ էլ բացասական։ Ես մասնագիտությամբմ իրավաբան չեմ, եւ չեմ կարող խորանալ հարցի իրավական խորությունների մեջ»։
Հարցին՝ արդյոք ինքը զրուցե՞լ է մարզիկ ընկերների հետ, Ջուլֆալակյանն ասաց. «Պարոն Ծառուկյանը լինելով ՀԱՕԿ նախագահ՝ աջակցել է մարզիկներին։ Որոշներն արտահայտել են իրենց կարծիքը: Ինձ համար բացարձակ հաճելի պրոցես չի, չէի ցանկանա, որ որեւիցե մեկը հայտնվի պարոն Ծառուկյանի կարգավիճակում, թե իմ կարգավիճակում։ Բայց պետք է ֆիքսենք, որ օրենքի պահպանումը պետք է բոլորի համար լինի»;
Լրագրողն ասաց, որ համացանցում տարածվել է մի լուսանկար, որտեղ Ծառուկյանը իր հայրիկին՝ Լեւոն Ջուլֆալակյանին, ոսկե շղթա է նվիրել, Արսեն Ջուլֆալակյանն ասաց. «Քանի որ ոսկե շղթայից սկսեցիք. ոսկե շղթան որպես ոսկե շղթա նվեր չի, դա օլիմպիական օղակներն են, որով պարգեւատրվել են սպորտում մեծ ավանդ ունեցող մարդիկ, հատկապես օլիմպիական չեմպիոնները։ Լեւոն Ջուլֆալակյանը Հայաստանի նորանկախ պատմության մեջ ոչ մի մարզիչ այդքան արդյունք չի բերել, ինչքան Լեւոն Ջուլֆալակյանը։ Արժանի՞ էր նա օլիմպիական շղթային, թե՞ ոչ. ինքներդ դատեք»։