Ոստիկանները Մաշտոցի պողոտայից հեռացնում են ավտոբուսները, որոնցով Ծառուկյանի աջակիցները փակել են ճանապարհը
ՀասարակությունԵրևանի Մաշտոցի պողոտայում մի քանի տեղ ճանապարհն արգելափակված է։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Գագիկ Ծառուկյանի աջակիցները առավոտից ավտոբուսներով արգելափակել են ճանապարհը թունելում և «Մետրոպոլ» հյուրանոցի մոտ։
Քիչ առաջ ոստիկանները ավտոբուսները հեռացրել են ճանապարհից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան մտնող և Ազգային ժողով տանող՝ Երևանի որոշ փողոցներ ավտոմեքենաներով արգելափակված են։ Ոստիկանությունը խիստ հսկողություն է սահմանել հատկապես Երևան մտնող ճանապարհներին։
Ծառուկյանի աջակիցները բեռնատար ավտոմեքենաներով փակել էին նաև Աբովյան-Երևան ավտոճանապարհը, Ավանից դեպի Մյասնիկյան պողոտա տանող ճանապարհը։ Տաքսիներով փակել են նաև «Դալմա մոլի» հատվածը։
Հիշեցնենք՝ այս պահին Ազգային ժողովում քննարկվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։
ԱԺ հարակից տարածքում առավոտից լարված իրավիճակ է, ժամը 11:00-ի դրությամբ՝ բողոքի ակցիա իրականացնող 100–ից ավելի քաղաքացի բերման էր ենթարկվել։ Այժմ Գագիկ Ծառուկյանը հարցաքննության է ԱԱԾ–ում։ Շենքի մոտ ոստիկանական մեծ ուժեր են կուտակվել։