Գործը փողոցային պայքարին չհասցնեք, դուք 2 տարվա մեջ ոչնչացրել եք այն պետությունը, որը իշխանությունը հանձնելու ժամանակ պետք է ապահովեր ձեր ֆիզիկական անվտանգությունը փողոցից․ Մ․ Հակոբյանը՝ իշխանությանը
Ուշադրության կենտրոնումՀասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով իշխանության գործունեությանը։ Նա մասնավորապես նշել է, որ իշխանության ներկայացուցիչներն ավելի հանգիստ կապրեն, երբ գիտակցեն պարզ ճշմարտությունն առ այն, որ իշխանության համար պայքարը հարատև է, երբեք չի դադարելու։
«Քանի դուք իշխանություն ունեք, այն միշտ վիճարկվելու է: Իսկ երբ դուք առանձնապես տաղանդներով օժտված չեք, հիմնականում անգրագետ եք, մեծախոս ու ինքնասիրահարված, վիճարկման տեմպը գնալով մեծանալու է»,- գրել է Հակոբյանը և դիմելով իշխանությանը՝ նշել է․ «Դուք կորցնելու եք իշխանությունը, շատ արագ եք կորցնելու․․․Կարծում եք` աշխատո՞ւմ է «մեզ ժողովուրդն է ընտրել», «մենք ժողովրդի իշխանությունն ենք», «կա հանրային պահանջ» տափակ ու սպառված կարգախոսները: Իսկ մտքներովդ անցե՞լ է, որ այդ նույն ժողովրդը ձեզ տանել չի կարողանում»:
Միհրան Հակոբյանը խորհուրդ է տվել իշխանությանը չհասնել փողոցային պայքարի․ «Որովհետև երբ ժողովուրդը դուրս եկավ փողոց, դուք շատ վատ սցենարով եք հեռանալու: 2018-ին նախկինները հանգիստ հանձնեցին իշխանությունը ձեզ, որովհետև պետություն կար, իրավապահ համակարգ կար, և հանձնում-ընդունման ժամանակ պետությունը կարող էր հանձնողների ֆիզիկական անվտանգությունն ապահովել: Դուք երկու տարվա մեջ ավիրել եք ամեն ինչ, դուք ոչնչացրել եք պետությունը: Այն պետությունը, որը իշխանությունը հանձնելու ժամանակ պետք է ձեր ֆիզիկական անվտանգությունն ապահովեր փողոցից: Նախկիններն ունեին այդ հնարավորությունը, դուք` չունեք: Ձեր խելքի պատճառով չունեք, բայց դա այլևս էական չէ: Գործը փողոցային պայքարին չհասցնեք, ձեր համար եմ ասում, լավ չի լինելու»։