Իրանն ԱՄՆ-ից լայն սպառողման ապրանքների ներմուծման արգելք է սահմանել
ՄիջազգայինԻրանի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Մոհամեդ Ռըզա Նեմաթզադեն հրապարակել է հրահանգ, որն արգելում է ժողովրդական սպառման ամերիկյան ապրանքների ներմուծումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Press TV իրանական հեռուստաալիքին:
Ինչպես նշել է նախարարը, որոշումը հիմնվում է այն առաջարկների վրա, որոնք Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին արել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին ուղարկած նամակում:
Խամենեին այդ նամակում ընդգծել է, որ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը պետք է նպաստի իրանական տնտեսության զարգացմանը: Մասնավորապես, նրա խոսքով, Իրանի կառավարությունը պետք է լուծի մի շարք խնդիրներ, այդ թվում՝ ազգային արտադրողի ամրապնդումը եւ ԱՄՆ-ից ապրանքների ներմուծման ստուգումը:
Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հաղորդել էին ուսանողների հետ Խամենեիի հանդիպման մասին, որտեղ գերագույն ղեկավարը հայտարարել է, թե ԱՄՆ-ը մնում է Իրանի գլխավոր թշնամին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: