Տուգանքներ՝ սահմանափակման կանոնները չպահպանելու համար
Հասարակություն«Ազատ տեղաշարժվելու իրավունքի, ինքնամեկուսացման կամ մեկուսացման, ինչպես նաև ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակման կանոնները չպահպանելու, դրանք խախտելու դեպքում ԱԺ-ն վարչական պատասխանատվություն է նախատեսել»,- ասաց Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը:
Նրա խոսքով՝ որպես պատասխանատվության միջոց նախատեսված է տուգանք` նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից 250-ապատիկի չափով: Սակայն, եթե անձն ինքնամեկուսացման կամ ազատ տեղաշարժի սահմանափակման կանոնները խախտել է և արդյունքում գրանցվել է մեկ այլ անձի անզգուշաբար վարակելու դեպք, ապա այս դեպքում նախատեսված է քրեական պատասխանատվություն:
«Քրեական օրենսգրքում լիովին նոր հանցակազմ ենք ավելացրել: Եթե կանոնի խախտման արդյունքում առկա է դիտավորյալ վարակում, ապա անձն այս հանցակազմի շրջանակներում ենթակա կլինի քրեական պատասխանատվության»,-նշեց Արփինե Սարգսյանը:
Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանն էլ անդրադարձավ երկրում իրականացվող սահմանափակումներին:
Մհրյանը, նշեց, որ ոստիկանության ծառայողները ճանապարհներին վերահսկողություն են իրականացնում երթուղիներով, և հնարավոր են դեպքեր, որ մարդիկ չնկատեն ոստիկաններին, քանի որ վերջիններս տեղաշարժվում են երթուղու երկայնքով:
«Հրահանգ է տրված մեզ, որ մինչև 16։00֊ն պետք է բացատրական աշխատանքների միջոցով լուծենք խնդիրը, երբ քաղաքացին չունի ձևաթուղթ, սակայն 16։00-ից հետո Ոստիկանությունը կանցնի օրենքով նախատեսված գործողությունների»:
Փոխոստիկանապետն ասաց, որ 92 հոգու արդեն մեքենաներից որպես երրորդ անձ դուրս են հրավիրել, 2 ընդհանուր օգտագործման տրասնպորտային միջոցի նկատմամբ էլ համապատասխան միջոց է կիրառվել: