Վրաստանում այսօր արտակարգ դրություն կհայտարարեն
HeaderՎրաստանում այսօր արտակարգ դրություն կհայտարարեն: Արտակարգ դրությունը կսահմանվի մինչեւ ապրիլի 21-ը, հաղորդում է Նովոստի Գրուզիան:
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան արդեն համապատասխան խնդրանքով դիմել է երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին:
Ակնկալվում է, որ նախագահը մոտակա ժամերին կհայտարարի երկրում արտակարգ դրություն սահմանելու մասին: Այսօր Վրաստանի խորհրդարանը արտակարգ նիստ կանցկացնի, որի ժամանակ էլ կհաստատվի փաստաթուղթը:
Մարտի 21-ի դրությամբ Վրաստանում գրանցված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 47-ի: Մեկ պացիենտ է ապաքինվել եւ դուրս գրվել հիվանդանոցից:
Մարտի 18-ից Վրաստանը 2 շաբաթով փակել էր երկրի սահմանները բոլոր օտարերկրացիների համար:
Այսօրվանից Վրաստանը դադարեցրել է բոլոր ուղղություններով ավիահաղորդակցությունը:
Կառավարության որոշմամբ՝ կարանտինային գոտում պարտավոր են 2 շաբաթ անցկացնել երկիր ժամանած բոլոր անձինք:
Երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Վրաստանի կառավարությունը երկրի ներսում խիստ սահմանափակումներ է մտցրել: Մարտի սկզբից փակվել են կրթական բոլոր հաստատությունները, չեղարկվել են զվարճանքի, սպորտային եւ այլ զանգվածային միջոցառումներ: Պետական գերատեսչություններն աշխատում են հեռահար ռեժիմով: Եկեղեցիները ախտահանվում են, չեղարկվել են պատարագները: