Այսօր Համակարգչային աշխատողի օրն է
HeaderՓետրվարի 14-ը Համակարգչային աշխատողի ոչ պաշտոնական, սակայն մասնագիտական շրջանակներում լայնորեն նշվող օրն է։ 1946թ․ փետրվարի 14-ին գիտական աշխարհին եւ բոլոր շահագրգիռ մարդկանց ցուցադրվել է առաջին իսկապես աշխատող էլեկտրոնային ENIAC I (Electrical Numerical Integrator And Calculator) համակարգիչը, հայտնում է Calend-ը։
Հետաքրքիր է, որ առաջին հաշվող մեքենայի մշակման աշխատանքները ֆինանսավորվել են ամերիկյան բանակի կողմից, որին համակարգիչն անհրաժեշտ էր ռազմական հաշվարկներ, պլանավորումներ եւ ծրագրավորումներ անելու համար։ ENIAC I-ը աշխատել է մինչեւ 1955թ․ հոկտեմբերի 2-ը, ժամը 23։45, որից հետո այն քանդել են։
Իհարկե, եղել են նաեւ ավելի վաղ համակարգիչներ, սակայն դրանք բոլորը փորձնական տարբերակներ էին։ Սակայն ENIAC-ը գործնական խնդիրներով աշխատող առաջին իրական համակարգիչն էր։
ENIAC-ը մշակվել է այն ժամանակվա լուրջ ու անհրաժեշտ խնդիրներից մեկի լուծման՝ բալիստիկ աղյուսակների հաշվարկման համար։ Բանակում կային բաժիններ, որոնք զբաղվում էին հրետանու եւ ավիացիայի կարիքների համար բալիստիկ աղյուսակների հաշվարկով։ Այդ բաժիններում աշխատողների պաշտոնը կոչվում էր «բանակային հաշվիչ»։
Բնականաբար, «այդ հաշվիչ ռեսուրսների» հզորությունը եւ արտադրողականությունը բավարար չէր։ Եւ կիբեռնետիկները 1943թ․ սկզբին սկսեցին ստեղծել նոր հաշվիչ սարք՝ ENIAC համակարգիչը։ Հենց այդ պատճառով է փետրվարի 14-ը նշվում որպես Համակարգչային աշխատողի օր։