Կտանջվենք, կստեղծենք, որ երեխաներին պահենք. 9-րդ զավակին լույս աշխարհ բերած կին
ՀասարակությունHraparak.am-ը գրում է .
Հայաստանում այսօր շատ երիտասարդ ընտանիքները սահմանափակվում են երկու երեխայի ծնունդով: Պատճառը շատ պարզ է՝ սոցիալական պայմանները: 42-ամյա Համեստ Սադոյան հերոսուհին հոկտեմբերի 23-ին լույս աշխարհ է բերել 9-րդ երեխային: Չնայած սոցիալական վատ պայմաններին, երեխայի ծնունդը ուրախություն է պատճառել ծնողներին: Ղեւոնդյանների 11 հոգանոց բազմազավակ ընտանիքը բնակվում է Աբովյան քաղաքում՝ 3 սենյականոց բնակարանում: Մեզ հետ հեռախոսազրույցում Համեստը ասաց, որ իրեն լավ է զգում. «Երեխան ծնվել է 2կգ. 700գրամ, աղջիկ է: Բժշկի ցուցումով՝ կեսարյան հատում են արել: Երեխան իր ծնունդով ուրախություն է տուն բերում: Կտանջվենք, կստեղծենք, կարարենք, որ երեխաների պահենք»: Տիկին Համեստը պատմեց, որ երեխաներից 6-ը տղա են, 3–ը՝ աղջիկ: Տղաներից 2-ը ծառայում են բանակում: Մեկը քոլեջ է հաճախում, մնացածը դպրոց են գնում: Նորածնի անունը Միլենա են դնելու:
Ընտանիքը գոյատեւում է 59.000 դրամ նպաստով: Համեստի ամուսինը՝ Նորայրը, մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ աշխատանք չունի, չնայած այն բանին, որ շինարար է: «Երբ գործ է լինում, աշխատում եմ, գումար վաստակում, շատ դժվար է այսօր 9 երեխա պահել, տան պայմաններն էլ լավ չեն, նեղվածք է: Մի փոքր էլ նեղություն կքաշեմ, տղաներս մեծացել են, ինձ թիկունք կկանգնեն: Փառք աստծո, որ վարկերի տակ չեմ, չնայած մի քիչ պարտքեր ունեմ: Կարեւորը առողջություն լինի, կաշխատենք կապրենք»: Նշենք, որ կինն այսօր դուրս կգրվի: Աբովյանի ծննդատունը եւս նվեր է պատրասել փոքրիկի համար: Բարդ ծննդաբերությունը բուժանձնակազմի բարձր պատրաստվածության շնորհիվ բարեհաջող է անցել: Փոքրիկը առողջ և գեղեցիկ աղջիկ է: Նելլի Կարապետյան Նյութի աղբյուրը `