Մխիթարյանը և Ալեքսանյանը ցավակցել են Բրայանտի մահվան կապակցությամբ
Ուշադրության կենտրոնումՀայկական սպորտի կարկառուն ներկայացուցիչները ցավակցություն են հայտնել լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի մահվան կապակցությամբ:
ֆեյսբուքյան իր էջում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնավորապես գրել է. «Տխուր պահ է համաշխարհային սպորտի համար: Ոգեշնչող, օրինակելի և հավերժ հաղթող մեկն էիր բոլոր մարզիկների համար: Մենք կկարոտենք քեզ Կոբի»:
Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն էլ իր Ինստագրամի էջում լուսանկար տեղադրելով գրել է. «Հանգչիր խաղաղությամբ. լեգենդ»:
Հունվարի 27-ի առավոտյան Լոս Անջելեսի մոտակայքում վթարի հետևանքով կործանված ուղղաթիռում եղել են NBA-ի լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանթը և իր 13-ամյա դուստրը:
Կոբի Բրայանտը 41 տարեկան էր և պրոֆեսիոնալ բասկետբոլիստի կարիերան ավարտել էր 2016 թվականին: Նա հինգ անգամ «Լոս Անջելես Լեյքերս»-ի կազմում դարձել է NBA չեմպիոն, 2008 ճանաչվել էր NBA-ի ամենաարժեքավոր բասկետբոլիստ: ԱՄՆ հավաքականի հետ երկու անգամ դարձել էր Օլիմպիական խաղերի չեմպիոն: NBA-ի պատմության մեջ բոլոր ժամանակների բասկետբոլիստների շարքում նա 33643 միավորով ամենաարդյունավետ չորրորդ բասկետբոլիստն էր: 2018 թվականին արժանացել է «Օսկար»-ի լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի համար: