Արտաշատի թատրոնի հիմնանորոգման ժամանակ խախտումներ են եղել
ՄշակույթԱրտաշատ քաղաքի «Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի» հիմնանորոգման աշխատանքներում արձանագրվել են խախտումներ:
NEWS.am-ի տեղեկություններով՝ ՀՀ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ՖՆ աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչությունը ՀՀ Ֆինանսների նախարարի 2012թ. սեպտեմբերի 29-ի թիվ 70-Ա և 2012թ. հոկտեմբերի 17-ի թիվ 79-Ա հանձնարարագրերով ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում իրականացրել է Երևան քաղաքում և մարզերում կրթական և մշակույթի օբյեկտների շենքերի հիմնանորոգման աշխատանքների կատարման համար ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման ճշտության և նպատակայնության ընտրանքային ստուգում:
Դրա արդյունքում պարզվել է, որ կապալառու «Խապարտշին» ՍՊԸ կողմից Արտաշատ քաղաքի «Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի» հիմնանորոգման աշխատանքներում արձանագրվել են ծավալաթերթ նախահաշվով նախատեսված, կատարողական ակտերով հաշվարկված, սակայն փաստացի չկատարված կամ պակաս կատարված և վճարված 681.100 դրամի շինարարական աշխատանքներ, սակայն պետական լիազոր մարմինների պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չեն ձեռնարկվել կապալառու կազմակերպության պայմանագրային խախտումների հետևանքով տույժերը հաշվարկելու և գանձելու ուղղությամբ, որի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
Կատարվում է նախաքննություն: