Արթուր Ջավադյանը մեկնել է Վաշինգտոն. Նա կմասնակցի ԱՄՀ եւ ՀԲ աշնանային նստաշրջանին
ՔաղաքականությունՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Վաշինգտոն, որտեղ մասնակցելու է Արժույթի Միջազգային Հիմնադրամի եւ Համաշխարհային Բանկի կառավարիչների խորհուրդների 2019 թ. տարեկան նստաշրջանին:
ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԿԲ նախագահը մասնակցելու է ԱՄՀ/ՀԲ տարեկան նստաշրջանի պլենար նիստին, հոլանդաբելգիական ենթախմբի կառավարիչների նիստին, ինչպես նաեւ մի շարք կլոր սեղանների եւ թեմատիկ քննարկումների:
Նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ՝ մասնավորապես ԱՄՀ նորանշանակ գործադիր տնօրեն Քրիստալինա Գերգիեվայի, ԱՄՀ Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի, ԱՄՀ եւ ՀԲ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեններ Էնթընի ԴեԼաննոյի եւ Քոեն Դավիդսեի, ինչպես նաեւ ՀԲ փոխտնօրեն Սիրիլլ Միլլերի հետ:
Միջոցառման շրջանակում աշխատանքային քննարկումներ են նախատեսված Եվրոպական ներդրումային բանկի, գերմանական KfW բանկի, ՄՈւԴԻԶ վարկանշային կազմակերպության եւ միջազգային մի շարք այլ ֆինանսական կառույցների ղեկավարների հետ: