Հայ ազգային զգեստներն ու Մանթաշովի թղթապանակը` Ագուլեցու թանգարանում
ՄշակույթԱրդեն երկրորդ տարին «Թանգարանային գիշերվա» միջոցառումներին միացած նորաբաց «Ագուլիս» թանգարանն այս տարի այցելուներին ներկայացավ հայ ավանդական տարազների ցուցահանդեսով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց թանգարանի հիմնադիր Լուսիկ Ագուլեցին, ով Երևանի Էրեբունու թաղամասում իր առանձնատունը բացել է հանրության առջև՝ վերածելով այն թանգարանի: Այստեղ ցու ցադրված են նկարչուհու կտավները, տիկնիկները, նկարչուհու երջանկահիշատակ ամուսնու՝ քանդակագործ Յուրա Սամվելյանի աշխատանքները, ինչպես նաև կահույք և հրաշալի պահպանված հայ ընտանիքների կենցաղայիի իրեր՝ ներառյալ Մանթաշովի կաշվե թղթապանակը:
«Այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ որոշեցինք ներկայացնել Արևելյան և Արևմտյան Հայաստանի գավառների տարազներ»,- ասաց Լուսիկ Ագուլեցին:
Նկարչուհու խոսքերով՝ տարազների մեծամասնությունը ստեղծվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայում և Իտալիայում տեղի ունեցած հայկական տարազների ցուցահանդեսի համար: Հարուստ ընտանիքների կանանց 25 տարազների կրկնօրինակների պատրաստման աշխատանքում նկարչուհուն օգնել է նրա դուստրը:
Թանգարանային գիշերն Ագուլեցու թանգարանում ցուցանմուշները ուրախ զննող և քննարկող այցելուների և վազվզող երեխաների ձայներից բացի, կենդանի կատարմամբ հնչում էր հայ ազգային երաժշտությունը, որը թանգարանի այցելուներին համախմբելով շուրջպարում` տեղափոխեց շենքից դուրս: Մուրացան փողոցի նեղլիկ մայթը նեղ էր շուրջպարի մասնակիցների համար, որոնց միանում էին անցորդները. ուրախ շուրջպարի մասնակիցները գրավել էին նաև նկարչուհու տան դիմացի ավտոմեքենաների ճանապարհի մի մասը՝ դուրս բերելով Թանգարանային գիշերի տոնակատարությունը շենքի սահմաններից:
Ագուլեցու թանգարանը հիմնվել է 2012թ-ին: Այստեղ կարելի է տեսնել Լուսիկ Ագուլեցու և Յուրա Սամվելյանի ստեղծած աշխատանքները, հայ վարպետների ստեղծած հին ու նոր ավանդական զարդերը, կենցաղի պարագաները, որոնց հավաքագրմանը Ագուլեցին նվիրել է իր ողջ կյանքը : Արդեն 43 տարի հայկական տարազ և ավանդական կանացի զարդեր կրող նկարչուհին տեղեկացրեց, նաև, որ ստեղծված զգեստների հիման վրա մոտ ապագայում լույս կտեսնի հայկական տարազներին նվիրված գիրք: