Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց Թունիսի իր գործընկերոջը
ՔաղաքականությունՍեպտեմբերի 24-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Թունիսի ԱԳ նախարար Խեմայիս Ջինաուի հետ։
Հայաստանի եւ Թունիսի ԱԳ նախարարները քննարկեցին երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ վերահաստատելով փոխադարձ պատրաստակամությունը համատեղ ջանքերով նպաստել առկա օրակարգի ընդլայնմանը եւ ամրապնդմանը:
Այդ առնչությամբ առանձնահատուկ կարեւորվեց երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ կանոնավոր քաղաքական խորհրդակցությունների անցկացման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:
Հայաստանի եւ Թունիսի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից անդրադարձ կատարեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ որպես ֆրանկոֆոն արժեքները կիսող պետությունների միջեւ համագործակցությունն ապահովող արդյունավետ հարթակի գործունեությանը եւ մտքեր փոխանակեցին հաջորդ տարի Թունիսում կայանալիք գագաթաժողովի նախապտարաստական աշխատանքներին։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ որպես Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահող երկիր՝ Հայաստանը մեծապես կարեւորում է ՖՄԿ սերտ համագործակցությունը միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Եվրոպայի խորհուրդը:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարն իր թունիսցի գործընկերոջը ներկայացրեց տեղեկատվական տեխնոլոգիաների, սմարթ զարգացման, ստեղծարար կրթության եւ նորարարության ոլորտներում Հայաստանի ձեռքբերումները՝ կարեւորելով տվյալ ուղղություններով փոխգործակցության ներուժի լիակատար իրացման ուղղությամբ անմիջական շահառուների ներգրավմամբ ծրագրերի իրականացումը։
Զոհրաբ Մնացականյանը եւ Խեմայիս Ջինաուն գոհունակություն հայտնեցին միջազգային եւ տարածաշրջանային կառույցներում հաստատված արդյունավետ համագործակցության եւ փոխադարձ աջակցության առնչությամբ։