Այլ բան չի մնում, քան հակառակորդին ստիպել հրաժարվել ուժի կիրառման մտադրությունից. Սեյրան Օհանյան
HeaderՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի սեպտեմբերի 30-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Իվան Վոլինկինի հետ` ՌԴ դեսպանության նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդի հավատարմագրման կապակցությամբ:
Ինչպես Արմենպրես-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով ՀՀ-ում ՌԴ ռազմական կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևին ստանձնած նոր պարտականությունների առիթով` ՀՀ պաշտպանության նախարարը նրան մաղթել է նորանոր հաջողություններ հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հետագա ամրապնդման գործում:
ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը հյուրերին տեղեկացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Սեյրան Օհանյանը նշել է, որ վերջին օրերին ադրբեջանական կողմից իրադրության հետևողական սրման, մեծ տրամաչափի զինատեսակների, մասնավորապես, հրետանու կիրառման, խաղաղ բնակավայրերի հրետակոծման պայմաններում ՀՀ զինված ուժերին և ԼՂՀ պաշտպանական բանակին այլ բան չի մնում, քան դիմելու ռազմական և ռազմաքաղաքական այնպիսի գործողությունների, որոնք հակառակորդին կստիպեն հրաժարվել ուժի կիրառման մտադրություններից, կթոթափեն անպատժելիության և սեփական գերազանցության պատրանքը և նրան կվերադարձնեն խաղաղ բանակցային սեղանի շուրջ: