Սինգապուրն ու ԵԱՏՄ-ն ազատ առեւտրի մասին համաձայնագիր կկնքեն հոկտեմբերի 1-ին
ՄիջազգայինՍինգապուրն ու Եվրասիական տնտեսական միությունը մտադիր են ազատ առեւտրային գոտի ստեղծելու մասին համաձայնագիր կնքել հոկտեմբերի 1-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ: Այս մասին RT-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Տիմուր Մաքսիմովը:
«Ավարտին ենք հասցրել ազատ առեւտրային գոտի ստեղծելու մասին համաձայնագրի շուրջ բանակցային ողջ գործընթացը: Հոկտեմբերի 1-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստ տեղի կունենա, որի ժամանակ կստորագրվի այդ փաստաթուղթը»,- ասել է նա:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ համաձայնագիրը կարող է կնքվել հոկտեմբերի 1-ին Երեւանում:
Մաքսիմովի խոսքով՝ այժմ Սինգապուրի հետ զուգահեռաբար աշխատանքներ են տարվում ծառայությունների եւ ներդրումների ոլորտում նմանատիպ համաձայնագրի ուղղությամբ:
«Կարծում եմ՝ մինչեւ տարեվերջ բանակցությունները կավարտվեն: Այդպիսով, արդեն 2020-ին հնարավոր կլինի ստորագրել եւ վավերացնել ծառայությունների, ներդրումների, ապրանքների ազատ տեղաշարժի մասին ամբողջական համաձայնագիրը»,- ասել է Մաքսիմովը: