Սեպտեմբերի 1-ը Գիտելիքի եւ դպրության օրն է․ այս տարի առաջին դասարան կհաճախի մոտ 42․000 աշակերտ
HeaderԱյսօր՝ սեպտեմբերի 1-ին, Հայաստանը նշում է Գիտելիքի և դպրության օրը՝ նոր ուսումնական տարվա մուտքը։ ԿԳՄՍ նախարարության հանրակթության վարչության պետ Աշոտ Արշակյանը NEWS.am-ին հայտնեց, որ այս տարի հանրապետությունում առաջին դասարանցիների կանխատեսվող թիվը 42 հազարն է՝ այնքան, որքան անցած տարի էր։ Վերջնական թիվը դեռ ճշգրտվում է, կհստակեցվի սեպտեմբերի 5-ին։
Այսօր դասապրոցես չի լինելու, սակայն Գիտելիքի և դպրության օրվա առիթով հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում կազմակերպվում են տոնական միջոցառումներ:
Այս ուսումնական տարվա նորություններից է այն, որ առաջին անգամ 48 անուն դասագրքեր կկիսվեն երկու մասի՝ առաջին մաս և երկրորդ մաս։ Առաջին կիսամյակում դասագրքի երկրորդ մասը երեխան կպահի տանը, իր հետ դպրոց չի տանի, առաջինն ավարտելուց հետո նոր կանցնի երկրորդ մասին: Երկհատոր կդառնան այն ծավալուն դասագրքերը, որոնք այս տարի վերահրատարակվելու էին: