Հակառակորդի կրակոցից զոհված 24–ամյա Արմանը ՌԴ–ից վերադարձել էր ու անցել ծառայության. մանրամասներ
HeaderՀՀ սահմանի հյուսիս-արևելյան հատվածում հակառակորդի կրակոցից զոհված 24–ամյա պայմանագրային զինծառայող Արման Բուլղադարյանը Վանաձորից էր։
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հայտնեց, որ Արմանը 2015–ին ավարտել էր պարտադիր զինվորական ծառայությունը և մեկնել Ռուսաստան, սակայն մեկ տարի անց հոր հորդորով վերադարձել էր Հայաստան և անցել է պայմանագրային ծառայության։
Ասլանյանը հայտնեց, որ Արմանի հայրը՝ Արայիկ Բուլղադարյանը Պետական պահպանության ծառայության ոստիկան է.
«Խելոք, աշխատող ընտանիք է, ցավալի դեպք է մեր քաղաքի համար»,–ասաց նա։
Ավելի վաղ հայտնել ենք, որ 2019թ. հուլիսի 28-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Արման Արայիկի Բուլղադարյանը: Նոյեմբերյանի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին Արման Բուլղադարյանը մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: