Երեւանում ավազակություն կատարած երիտասարդին ոստիկանները հետապնդել ու բռնել են
ՀասարակությունԵրեւանի մետրոյի «Գործարանային» կայարանի տարածքում հունիսի 26-ին, ժամը 13-ն անց 40-ի սահմաններում ոստիկանին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ ինչ-որ մեկը մետրոյի կայարանի հարակից ավտոկայանատեղիում մի տղամարդու է հարվածել, նրանից հափշտակել գումար, բջջային հեռախոս և փախել 3-րդ մասի ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ոստիկանության ծառայողներն անմիջապես արձագանքել են, հետապնդել և բռնել քաղաքացու նկարագրած անձին:
Քրեական հետախույզները 27-ամյա տղամարդուն բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է գողոնը:
Քիչ անց հիվանդանոցից հայտնել են, որ շտապօգնության խումբը «ճակատային շրջանի պատռած վերք, այտի և քթի քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել «Օպելի» վարորդին:
Տուժողից ընդունվել է հաղորդում: 27-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն: