Եվրոպական խաղեր. Դավիթ Գրիգորյանը դուրս է եկել եզրափակիչ
ՍպորտԱյս մարզաձևում այսօր Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ են դուրս եկել 57 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը, 82 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը և 48 կգ քաշային Ասյա Լալազարյանը։ Այս մասին տեղեկանցում է ՀԱՕԿ-ի կայքը:
Դավիթ Գրիգորյանը պայքարը սկսեց ¼ եզրափակչից, որտեղ 3-1 հաշվով հաղթեց իտալացի Միշելի Ալսիոյին։
Կիսաեզրափակիչ փուլում Գրիգորյանի մրցակիցը վրացի Բեսարիոն Բետլուվան էր, որին մեր ըմբիշը հաղթեց 1-0 հաշվով և ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ։ Եզրափակչում Գրիգորյանի մրցակիցը լինելու է Տիմաֆեյ Եմելյանաու (Բելառուս)-Անդրեյ Պերեպելյուկ (Ռուսաստան) զույգի հաղթողը։
57 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը ևս պայքարը սկսեց ¼ եզրափակչից, որտեղ վստահ՝ 10-1 հաշվով հաղթանակ տոնեց Ուկրաինայի ներկայացուցիչ Իվան Պիլիպյակի նկատմամբ։
Կիսաեզրափակիչ փուլում Մաքսիմի մրցակիցը Ռուսաստանը ներկայացնող Խերտեկ Սայանն էր, որին մեր ըմբիշը պարտվեց 0-4 հաշվով, ինչից հետո միայն բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ։
Մեդալի համար Մանուկյանը պայքարելու է ադրբեջանցի Մեհման Խալիլովի հետ։
Բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել նաև Ասյա Լալազարյանը (48 կգ), որը կիսաեզրափակչում զիջել է Ուկրաինայի ներկայացուցիչ Անաստասյա Նովիկովային։