ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից հայտնաբերվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող քաղաքացին
ՀասարակությունՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում հայտնաբերվել է դեռեւս 2001 թվականից միջազգային հետախուզման մեջ գտնվող ՀՀ 56-ամյա քաղաքացին: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Դեռեւս 2000 թվականի դեկտեմբերից մինչեւ 2001 թվականի հոկտեմբեր ամիսը ՀՀ տարածքում գործել է 9 անձից բաղկացած կայուն զինված խումբ՝ բանդա, որը պարբերաբար հարձակվելով տարադրամի փոխանակման կետերի, բենզալցակայանների եւ խանութների վրա, սպանության սպառնալիքով, ինչպես նաեւ սպանություն կատարելով՝ տարբեր չափի գումարներ է հափշտակել ու դիմել փախուստի: Իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում բանդան վնասազերծվել է, իսկ նույն քրեական գործով կայացված դատարանի կայացրած դատավճռով 5 անձ դատապարտվել է ազատազրկման, 4-ը՝ դիմել են փախուստի, նրանցից մեկը հայտնաբերվել է 2009 թվականին, իսկ երեքի մասով գործը կասեցվել է՝ հայտարարվել է միջազգային հետախուզում:
2019 թվականի հունիսի 21-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում միջազգային հետախուզման մեջ գտնվող՝ վերը նշված բանդայի անդամը հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ԱԱԾ վարչական շենք: