Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված 48 անձինք ազատ են արձակվել
HeaderԲաղրամյան պողոտայից ոստիկանության կողմից բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն արդեն ազատ են արձակվել: Այս մասին«Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Բաղրամյան պողոտայից ոստիկանությունը բերման է ենթարկել 48 քաղաքացիների: Տեղում կազմվել են արձանագրություններ, որից հետո բոլորն ազատ են արձակվել»,- նշեց Ահարոնյանը:
Ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքող քաղաքացիները սեպտեմբերի 11-ի երեկոյան կրկին փակել էին Երևանի Բաղրամյան պողոտան: Ազատության հրապարակից հանրահավաքի մասնակիցները երթով շարժվել էին Բաղրամյան պողոտա: Գրողների միության շենքի հատվածում ցուցարարներին դիմավորել էր ոստիկանական պատը: ՀՀ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որում մինչև սեպտեմբերի 12-ի ժամը 05:00-մ ժամանակ էր տվել ցուցարարներին` Բաղրամյան պողոտան ինքնակամ ազատելու համար: Ժամը 05:30-ին ոստիկանությունը բացել է Բաղրամյան պողոտան` բերման ենթարկելով ցուցարարների մի մասին: