Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարը ճնշո՞ւմ է գործադրել, որ աշխատակիցն ազատման դիմում գրի
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար Վիգեն Ավետիսյանը տեսչական մարմնի գործավար–օպերատորին հարկադրել է ազատման դիմում գրել, քանի որ ցանկացել է այդ պաշտոնում իրեն ցանկալի մարդուն տեսնել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում պատմեց տեսչական մարմնի գործավար–օպերատորը։
«Այդ պաշտոնը զբաղեցնելուց հետո ինձ հարցրեց, թե ինչպես պետք է իրար հետ աշխատենք, ես ի պատասխան ասացի, որ չեմ հասկանում, թե ինչ նկատի ունի, նա պարզ նշեց, որ պետք է գործավարը լինի իր մտերիմ անձանցից մեկը, որ գործավարը պետք է աշխատի մինչեւ երեկոյան 9-ից 10–ը, ընդմիջման չգնա, ասաց՝ դու ամեն օր ժամը 13.00–ին ընդմիջում ես գնում, ժամը 6-ից հետո տուն ես գնում, նախատոնական օրերին ժամը 5-ին ես գնում, ասաց, որ ազատման դիմում գրեմ, 15-20 օրվա ընթացքում ինձ կտեղափոխի մեկ այլ հաստիքի»։
Գործավարի փոխանցմամբ՝ ինքը ամեն դեպքում որոշել է ազատման դիմում գրել, քանի որ Վիգեն Ավետիսյանը հոգեբանական ճնշում է գործադրել իր վրա. «Ես ամեն դեպքում որոշեցի ազատման դիմում գրել, քանի որ ինքն ինձ վրա ամեն օր հոգեբանական ճնշում էր գործադրում։ Ես իր հետ 10-12 աշխատանքային օր եմ հասցրել աշխատել»։
NEWS.am–ի հետ զրույցում Վիգեն Ավետիսյանը պնդեց, որ ազատման դիմում գրած աշխատակիցներն իրենց կամքով են գրում դիմումները, իսկ իրենք ոչ ոքի չեն պարտադրում դիմումներ գրել։ Տեսչական մարմնի ղեկավարի խոսքով՝ 2 կամ 3 հոգի են առ այսօր ազատման դիմում գրել։
Իսկ գործավար–օպերատորի բողոքի մասով Վիգեն Ավետիսյանն ասաց. «Ինքն իր կամքով դիմում է գրել, որ հունիսի 8-ից ազատվի, իսկ հանձնարականի մասով՝ որտե՞ղ է գրված, որ այդպիսի հանձնարական տալու իրավունք չունեի»։
Նա հերքեց, որ իր մարդկանց է ցանկանում տեսնել նշյալ պաշտոններում. «Մենք բոլորին էլ շանսեր տալիս ենք, որ աշխատեն, ովքեր բարեխիղճ են աշխատում, շարունակում են աշխատել»։