Տավուշում վիրավորված պառավաքարցի երիտասարդին կրկին վիրահատել են
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
Հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 3-ի երեկոյան հակառակորդի գնդակոծությունից վիրավորված Հարություն Ղարաբաղցյանին կրկին վիրահատել են: Այս մասին NEWS.am-ին ասաց Իջեւանի բժշկական կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանը:
«Հարությունի մարմնից հերթական բեկորն են գտել, հանել: Նորից վիրահատել ենք, հիմա հետվիրահատական շրջանում է գտնվում: Վիճակը լավ է»,- ասաց հիվանդանոցի տնօրենը:
Ավելի վաղ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի տարածքում տեղակայված մարտական դիրքերից տարբեր տրամաչափի զենքերից կրակ է արձակվել Տավուշի մարզի Վազաշեն գյուղի ուղղությամբ, որի հետեւանքով բեկորային մարմնական վնասվածքներ են ստացել եւ բժշկական կենտրոն տեղափոխվել նշված գյուղում այդ պահին գտնված Պառավաքար գյուղի բնակիչներ Հ. Բրուտյանը, Հ. Ղարաբաղցյանը եւ Ա.Ղազախյանը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 6-րդ եւ 13-րդ կետերով: