Հայ բռնցքամարտիկները հաջող ելույթ են ունեցել Կարատկովի միջազգային մրցաշարում
ՍպորտՌուսաստանի Խաբարովսկ քաղաքում ընթացող Կոնստանտին Կարատկովի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում, որին մասնակցում են 16 երկրների ներկայացուցիչներ, Հայաստանը ներկայացնող 5 հայ բռնցքամարտիկները իրենց հիանալի են դրսևորել և նրանցից 3-ը հայրենիք կվերադառնան մեդալներով:
Հինգ մարզիկներից 3-ը դուրս են եկել եզրափակիչ և պայքարելու են չեմպիոնի տիտղոսի համար: Խաբարովսկում Հայաստանի մարզական պատիվը պաշտպանում են 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 64 կգ քաշային Գոռ Երիցյանը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 81 կգ քաշային Հարություն Ավետիսյանը և գերծանր քաշային Աղասի Մեհրաբյանը:
Կոնստանտին Կարատկովի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարը համարվում է ուժեղագույններից մեկը: Մայիսի 16-ին կայացած կիսաեզրափակիչ մենամարտերը հաղթանակով են ավարտել 64 կգ քաշային Գոռ Երիցյանը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը և գերծանր քաշային Աղասի Մեհրաբյանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Ընդ որում, Գոռ Երիցյանը եզրափակիչ տանող ճանապարհին վստահ հաղթանակ է տոնել ադրբեջանցի մարզիկի նկատմամբ: Վաղը կկայանան եզրափակիչ մենամարտերը, իսկ մայիսի 18-ին հայ բռնցքամարտիկները կժամանեն Հայաստան: