Պատերազմի փորձությունն անցած մեր բարեկամությունը ամուր հիմք է ռազմավարական գործընկերության համար. Փաշինյանը՝ Պուտինին
HeaderՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Ուղերձում, մասնավորապես, նշված է.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Ընդունեք սրտանց շնորհավորանքներս մեր ընդհանուր տոնի` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակի առթիվ:
Այս տոնը մեծ հաղթանակի մարմնավորումն է, ինչպես նաեւ նախկին Խորհրդային միության ժողովուրդների հավաքական պայքարի ու հերոսության խորհրդանիշը: Ֆաշիզմի նկատմամբ հաղթանակ տարած մեր հայրերի եւ պապերի սխրանքները հավերժ կմնան մեր ժողովուրդների հերոսական պատմության մեջ՝ որպես արիության եւ կայունության օրինակ ներկա ու ապագա սերունդների համար։
Համոզված եմ, որ պատերազմի փորձությունն անցած մեր բարեկամությունը եւ արժեքների ընդհանրությունն ամուր հիմք են հանդիսանում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական գործընկերության եւ համագործակցության համար:
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, այս պայծառ տոնական օրը մաղթում եմ Ձեզ, Ձեր մտերիմներին եւ բոլոր ռուսաստանցիներին քաջառողջություն, բարեկեցություն եւ բարգավաճում»: