Ադրբեջանում փակվել է հերթական բանկը
Ուշադրության կենտրոնումԲաքվի թիվ 1 վարչական դատարանը պաշտոնապես սնանկ է ճանաչել Eurobank ընկերությունը` հայտարարելով համապատասխան գործառույթ սկսելու մասին եւ որպես լիկվիդատոր նշանակելով Azerbaijan International Consulting Company ընկերությանը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան»-ը:
Դատարանը հայտնել է, որ Eurobank-ը չի կատարել 50 մլն մանաթ գումարային նվազագույն կապիտալ ունենալու վերաբերյալ Ադրբեջանի կենտրոնական բանկի պահանջը: Այդ մասին բանկին զգուշացվել էր դեռեւս մայիսին, սակայն, կառույցը չի կարողացել կատարել ԿԲ-ի այդ պահանջը: Այդ պատճառով Ադրբեջանի ԿԲ-ն վերջականորեն որոշել է բանկին զրկել արտոնագրից:
Eurobank-ը, որը վերակազմավորվել էր որպես Azinvestbank, գործունեությունն սկսել էր 1992 թվականից, ուներ 1 բաժանմունք, 11 մլն մանաթ կանոնադրական կապիտալ եւ 40 մլն մանաթի վարկային պորտֆել, աշխատում էր հիմնականում կորպորատիվ հաճախորդների հետ:
Նավթի համաշխարհային գների անկումից եւ մանաթի էժանացումից հետո վերջին մեկ տարում Ադրբեջանում տասնյակ բանկեր սնանկացել եւ փակվել են: