Արթուր Աբրահամը մենամարտի է հրավիրել Ֆելիքս Շտուրմին՝ աշխարհի նախկին չեմպիոնին
ՍպորտՊրոֆեսիոնալ բռնցքամարտի երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մենամարտի է հրավիրել աշխարհի նախկին չեմպիոն, գերմանացի Ֆելիքս Շտուրմին։
«Արի մենամարտենք, Շտուրմ։ Այժմ կամ երբեք»,- գրել է Աբրահամը թվիթերյան իր էջում:
Բռնցքամարտիկի պրոմոուտեր Վիլֆրիդ Զաուերլանդը համաձայն է առաջարկի հետ.
«Այդ մենամարտը պետք է կայանա այս տարի, քանի որ Աբրահամը պարտավորություններ ունի և այլ մենամարտեր։ Կարծում եմ, որ եթե այն չկայանա 2015-ին, ապա մենամարտը չի կայանա երբեք», - ասել է նա, մեջբերում է Armsport.am-ը:
Դրա հետ մեկտեղ WBO-ն հայտարարել է, որ Աբրահամ - Շտուրմ մենամարտ կայանալու դեպքում այն տիտղոսային չի լինելու, քանի որ գերմանացին չի մտնում վարկանիշային 15-յակում։
«Արթուր թագավորը» պաշտպանել է WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ հուլիսի 18-ին հաղթանակ տանելով գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի նկատմամբ: