«Միջազգային խաղերը շատ են հարկավոր». Արթուր Ոսկանյան
ՍպորտՖուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների թիմի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանն ամփոփեց Մ-19 հավաքականների ընկերական մրցաշարում մեր ընտրանու ելույթները:
«Գիտեինք, թե ինչ հավաքականներ են գալու, բոլոր երեք խաղերում հորդորում էինք տղաներին, որ, ամենակարևորը, ֆուտբոլ խաղան, ինչքան որ կարող են: Ամեն դեպքում պետք է հաշվի առնել, թե ինչ առաջնություններում են խաղում մեր տղաները, իսկ իրենք չեն խաղում նույնիսկ Առաջին խմբի առաջնությունում: Չորս դարպասապահ էինք հրավիրել, չորսն էլ իրենց թիմերում չեն խաղում: Նույնիսկ տարիքով ավելի փոքր դարպասապահ հրավիրեցինք, քանի որ նա ինչ-որ չափով խաղում է իր թիմում: Հրավիրվում է Առաջին խմբի մասնակից թիմ, բայց այնտեղ էլ չի խաղում»,- մարզչի խոսքերը փոխանցում է ՀՖՖ-ն:
Ոսկանյանը խոսքով՝ բոլոր դիրքերում խնդիրներ կային, բայց նրանք փորձել են խաղալ ֆուտբոլ հզոր հավաքականների դեմ: «Ինչքանով ստացվեց, տեսաք, բայց ամենակարևորն այն էր, որ բոլոր խաղերում ունեցանք գոլային պահեր: Ֆիզիկապես շատ ենք զիջում և դա գալիս ոչ թե ֆիզպատրաստության մարզչից, այլ հիմնական պատճառն այն է, որ տղաները բարձր տեմպով խաղեր չեն անցկացնում և չեն կարող ֆիզիկական որակները բարելավել»,-ասել է նա:
Հայաստանի Մ19 տարեկանների թիմը պարտվեց մասնակից բոլոր թիմերին՝ Նիդեռլանդներին, Պորտուգալիային և Գերմանիային: