ԻՊ-ն սիրիական հնագույն Թադմուր քաղաքում տաճար է ոչնչացրել
Հասարակություն«Իսլամական պետության» ահաբեկիչները սիրիական հնագույն Թադմուր քաղաքում տաճար են ոչնչացրել: Այս մասին տեղեկացրել է Սիրիայի Հնությունների և թանգարանների վարչության պետ Մամուն Աբդ ալ Քարիմը` նշելով, որ ապստամբները պայթեցրել են Բաալ Շամին տաճարը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները:
Մամուն Աբդ ալ Քարիմի խոսքով` ահաբեկիչները նաև սկսել են ոսկի գտնելու նպատակով փորել տեղանքը: Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիթորինգի կենտրոնի օգոստոսի 23-ի հայտարարության համաձայն` տաճարը պայթեցվել է մեկ ամիս առաջ:
Թադմուրը ԻՊ-ի կողմից գրավելուց առաջ բազմաթիվ արձաններ ու հուշարձաններ դուրս են բերվել այնտեղից և տարվել ավելի ապահով վայրեր:
Պալմիրայի` բաց երկնքի տակ թանգարան համարվող ավերակները, որոնք ձգվում են շուրջ երեք կիլոմետր, ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Այն գտնվում է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսից 204 կմ հեռավորության վրա:
Հնությունների և թանգարանների վարչության պետ Մաամուն Աբդ ալ Քարիմն ավելի վաղ դիմել էր Սիրիայի օդային ուժերին և միջազգային հանրությանը` կոչ անելով պահպանել «սիրիական անապատի մարգարիտը»: