Ռուբեն Հայրապետյանի եւ Մհեր Սեդրակյանի անունների հետ կապված միջադեպերի նյութերն ուղարկվել են գլխավոր դատախազություն
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի անունների հետ կապված միջադեպերի վերաբերյալ նյութերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն:
NEWS.am-ին դատախազության հանրային կապերի վարչությունից հայտնեցին, որ դատախազությունը պահանջել եւ ստացել է միջադեպերի հետ կապված բոլոր նյութերը:
Նշենք, որ դեռ օգոստոսի 20-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ Հանրապետության նախագահը հանձնարարել է խստագույնս ուսումնասիրել այդ միջադեպերը, եւ գլխավոր դատախազությունն առաջիկայում պաշտոնական հաղորդագրություն է տարածելու:
Հիշեցնենք, որ «Էյր Արմենիա»-ի տնօրեն Արսեն Ավետիսյանի կինը հայտարարել էր, թե օգոստոսի 15-ին Ռուբեն Հայրապետյանի թիկնապահներն առեւանգել էին իր ամուսնուն, ՀՖՖ նախագահի ներկայությամբ դաժան ծեծի ենթարկել: Օգոստոսի 20-ին, սակայն, Արսեն Ավետիսյանը բաց նամակով դիմել էր հասարակությանը՝ նշելով, թե ինքը հաշտվում է Ռուբեն Հայրապետյանի հետ:
Այդ օրերին եւս մեկ տեղեկատվություն էր ստացվել, որ օգոստոսի 15-ին «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանին և նրա կնոջը իրենց տանը մի խումբ անձինք ծեծի են ենթարկել: Վահան Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ օգոստոսի 15-ին երեկոյան իրենց ծեծի են ենթարկել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի մտերիմներն ու թիկնազորի ներկայացուցիչները: