Ադրբեջանը Եվրոպայի ամենից հոմոֆոբ երկիրն է
Ուշադրության կենտրոնումՆույնասեռականների իրավունքների պաշտպանության մակարդակով Ադրբեջանը Եվրոպայում ամենավերջինն է: Լեսբուհիների եւ գեյերի միջազգային ասոցիացիայի պատվերով անցկացված հետազոտության արդյունքում կազմված ցուցակում այն վերջին՝ 49-րդ տեղն է զբաղեցրել:
Հարավկովկասյան երեք պետություններից՝ Հայաստանից, Ադրբեջանից եւ Վրաստանից, նույնասեռականների հանդեպ ամենից հանդուրժողը Վրաստանն է. այն զբաղեցրել է ցուցակի 22-րդ հորիզոնականը: Հայաստանը 46-րդ տեղում է, իսկ 47 եւ 48-րդ տեղերում Թուրքիան եւ Ռուսաստանն են:
BBC-ի փոխանցմամբ, Փարիզում բնակվող ադրբեջանցի նկարիչ եւ բանաստեղծ Բաբա Բադալովը կարծում է, որ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների հանդեպ ագրեսիվ վերաբերմունքի պատճառը կրոնն է:
«Ադրբեջանը մահմեդական երկիր է, որտեղ բազմաթիվ մարդիկ կարծում են, որ նույնասեռականությունը կեղտոտ Արեւմուտքի պտուղն է»,- ասել է Բադալովը՝ հավելելով, որ ստիպված է եղել Եվրոպա մեկնել հարազատների կողմից բազմաթիվ սպառնալիքների եւ սկանդալների պատճառով:
ԱՄՆ-ում բնակվող ակտիվիստ Լալա Մահմուդովայի կարծիքով էլ, Ադրբեջանում նույնասեռականները հիմնականում բախվում են աշխատանք գտնելու անհնարինության խնդրին: