Պաշտոնական. Թիերի Անրին նշանակվել է «Մոնակոյի» գլխավոր մարզչի պաշտոնում
ՍպորտՖրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին դարձել է «Մոնակոյի» նոր գլխավոր մարզիչը, հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը:
41-ամյա մասնագետի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսը:
«Նախևառաջ, կցանկանայի շնորհակալություն հայտնել «Մոնակոյին» ինձ համար այս առանձնահատուկ ակումբում մարզիչ դառնալու հնարավորության համար:
Շատ ուրախ եմ, որ վերադառնում եմ «Մոնակո»: Անհամբերությամբ եմ սպասում նոր մարտահրավերին, ֆուտբոլիստների հետ ծանոթությանն ու համատեղ աշխատանքի մեկնարկին»,- մեկնաբանել է իր նշանակումն Անրին:
Հիշեցնենք` այս շաբաթ «Մոնակոն» պաշտոնապես հայտարարեց Լեոնարդու Ժարդիմի պաշտոնանկության մասին, ով 2014 թվականից հանդիսանում էր ակումբի գլխավոր մարզիչը: Նրա գլխավորությամբ ֆրանսիական ակումբը 2016/17 մրցաշրջանում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն:
«Մոնակոն» 9 տուրից հետո ֆրանսիական Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականն է զբաղեցնում: Թիմը, որը մեկ հաղթանակ է տարել և 3 խաղ ավարտել է ոչ-ոքի, 6 միավոր ունի:
Անրին «Մոնակոյի» սան է: Նա 1994-ից 1999 թվականներին է հանդես եկել ֆրանսիական ակումբում: Անրին առաջին անգամ է ստանձնում գլխավոր մարզչի պաշտոնը: Ավելի վաղ նա աշխատել է Լոնդոնի «Արսենալի» և Բելգիայի հավաքականի մարզչական շտաբերում: