Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի փաստաբանի անունը գաղտնի է պահվում
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի փաստաբանի անունը գաղտնի է պահվում:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը նշեց, որ իրենք դեռ փետրվարին Պերմյակովին հարցաքննելու ժամանակ են փաստաբան ներգրավվել: Թե ով էր այդ ժամանակ ներգրավված՝ որպես փաստաբան, չի հրապարակվում:
Նշենք, որ ռուսական կողմի դատավարության ժամանակ Պերմյակովին պաշտպանում էր ՌԴ Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանը: Գրեթե բացառվում է տարբերակը, որ Պերմյակովը ՌԴ-ից փաստաբան կհրավիրի իրեն պաշտպանելու համար, քանի որ դա նյութական միջոցների հետ է կապված: Միակ տարբերակը հայաստանցի հանրային պաշտպանի ներգրավվումն է:
Հարցին, թե իրավապահ մարմինները դիմել են՝ Պերմյակովին հանրային պաշտպան տրամադրելու համար, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանը մեզ հետ զրույցում հրաժարվեց պատասխանել:
Այնուամենայնիվ, սպանության գործն արդեն հանձնվել է հայկական կողմին, եւ պետք է, որ արդեն փաստաբան ներգրավված լինի:
Նշենք, որ չի բացառվում՝ արդեն աշնան վերջին Հայաստանում սկսվի Պերմյակովի դատավարությունը: 9 հատորանոց նյութերն արդեն տրամադրվել են հայ քննիչներին:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:
Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:
Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով: