Դիրքերում մահացած 25-ամյա Աշոտ Հովհաննիսյանը ծառայում էր 2 եղբայրների հետ. մանրամասներ
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
Հայ-ադրբեջանական սահմանին օգոստոսի 18-ին մարտական հենակետում՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետեւանքով մահացած 25-ամյա Աշոտ Հովհաննիսյանը Վայոց ձորի Բարձրունի գյուղից էր, մի քանի ամիս առաջ էր մտել ծառայության: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց համայնքի ղեկավար Գագիկ Գեւորգյանը:
«Երկու տարի առաջ մտել էր ծառայության, հետո գնաց Ռուսաստան: Անցած տարի վերադարձավ ծառայությունից ու նորից մտավ զորամաս: Վայքի զորամասում էր»,- ասաց գյուղապետը:
Նա պատմեց, որ Աշոտ Հովհաննիսյանի հետ ծառայության են անցել նաեւ նրա երկու եղբայրները: Ընտանիքը ծանր սոցիալական պայմաններում է ապրում:
Ավելի վաղ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ օգոստոսի 18-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի արձակված կրակահերթի արդյունքում ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող, 25-ամյա Աշոտ Հովհաննիսյանը:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով: