Քանյե Ուեսթը փոխել է անունը «Յե»-ի
ՄիջազգայինԻրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը, ամերիկացի հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը հայտարարել է Twitter-ում, որ փոխում է իր անունը «Յե»-ի, հայտնում է BBC-ն:
«Յե» (Ye) մականունը 41-ամյա երաժիշտը վաղուց է կրում, նա այն օգտագործել է այս տարվա հունիսին թողարկված իր ութերորդ ալբոմի անվանման մեջ:
Անունը փոխելու օրը ռեփերը սկսել է նաև Yandhi անունով իր հերթական ալբոմի գովազդային արշավը:
Նշվում է, որ բացի նրանից, որ «յե» հնչյունների համակցությունը Քանյե անվան մաս է կազմում, այն նաև ռեփերի համար կրոնական նշանակություն ունի:
«Իմ կարծիքով՝ «յե»-ն Աստվածաշնչում ամենահաճախ օգտագործվող բառն է, իսկ Աստվածաշնչում այն նշանակում է «դու»,- ասել է Ուեսթը իր հարցազրույցներից մեկում այս տարվա սկզբին:
«Այնպես որ, ես դու եմ, ես մենք ենք: «Յե»-ն գալիս է «Քանյե»-ից, ինչը նշանակում է «միակ», դեպի պարզապես «Յե»-ն՝ մեր հետ տեղի ունեցող ամեն լավի, վատի, տարօրինակի, ամեն ինչի արտացոլում»,- բացատրել է նա: