Շուշանիկ Բախշյանի գործունեությունը դադարեցված չէ. նա շարունակում է աշխատել «Շենգավիթ» ԲԿ-ում
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
«Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, որին 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի հարազատները մեղադրում են նրա եւ նորածնի մահվան մեջ, շարունակում է աշխատել:
NEWS.am-ին թղթակցին բժշկական կենտրոնից հայտնեցին, որ Շուշանիկ Բախշյանի գործունեությունը դադարեցված չէ:
Նշենք, որ դեպքի առթիվ օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետեւանքով հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է։ Գործով մեղադրյալ դեռեւս չկա:
Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են հենց «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին, ում մոտ էլ հաշվառված է եղել եւ 35 շաբաթ հետազոտվել է 26-ամյա կինը: Մերի Մարգարյանի եղբոր պատմելով՝ քույրը 4 օր շարունակ բարձր ջերմություն է ունեցել, սակայն բժշկուհին հրաժարվել է հոսպիտալացնել: Միայն հուլիսի 26-ին են նրան հիվանդանոց ընդունել, սակայն հաջորդ օրն արդեն իսկ խորհուրդ են տվել տեղափոխել այլ հիվանդանոց: Հարազատները տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրան անմիջապես կեսարյան հատում են արել: Մերիի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, հուլիսի 29-ին նա մահացել է: Հուլիսի 30-ին կեսօրին մահացել է նաեւ ծննդկանի նորածին դուստրը:
Նշենք, որ ՔԿ-ի տարածած հաղորդագրության՝ Մերի Մարգարյանի բժշկական վկայականի կտրոնի` անմիջականորեն մահվան ախտաբանական վիճակը եղել է բազմաօրգանային անբավարարությունը, իսկ ախտաբանական վիճակը, որը բերել է նշված պատճառի առաջացմանը, եղել է երկկողմանի թոքաբորբ, ծանր կոագուլապաթիա, հեպատո-սպլենոմեգալիա ախտորոշումը: