Տուրիզմի միջազգային օրն է
Միջազգային1979թ–ից սկսած` այս օրը ՄԱԿ–ի Համաշխարհային Տուրիստական Կազմակերպության կողմից նշվում է որպես Տուրիզմի միջազգային օր(World Tourism Day)։ Այդ առթիվ ուղերձ է հղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Ուղերձում մասնավորապես նշված է՝
«Զբոսաշրջության ոլորտի հարգելի ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ Տուրիզմի համաշխարհային օրվա առթիվ: Ժամանակակից աշխարհում զբոսաշրջությունը քաղաքային տնտեսության զարգացման կարևոր բաղադրիչներից մեկն է և ուրախալի է, որ տարեցտարի Երևանն ավելի ճանաչված, սիրված ու նախընտրելի ուղղություն է դառնում միջազգային հարթակներում, ինչի մասին է վկայում նաև Երևան այցելող զբոսաշրջիկների թվի աճը:
…Հաջորդ տարի մենք նշելու ենք համայն հայության մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2800-ամյակը, ինչը լավ առիթ է մեր սիրելի քաղաքն իր ողջ հմայքով ու առավելություններով աշխարհին պատշաճ ներկայացնելու համար: Ու ես վստա՛հ եմ, որ մեր համատեղ աշխատանքի և արդյունավետ փոխգործակցության արդյունքում, մենք կարո՛ղ ենք արժանիորեն ներկայանալ աշխարհին՝ գրանցելով նորանոր հաջողություններ մայրաքաղաքի զբոսաշրջային գրավչության բարձրացման և ոլորտի զարգացման ուղղությամբ»,-նշված է ուղերձում: