Իրանը հիշեցրել է ԱՄՆ-ին 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների մասին
ՄիջազգայինԻրանի նախագահ Հասան Ռոհանին քննադատել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիին իրանական Ահվազ քաղաքում ռազմական շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության մասին խոսքերի համար: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում:
«Ամերիկացի պաշտոնյան վերջերս սարսափելի բաներ է ասել Ահվազում ահաբեկչության մասին և հարձակման համար պատասխանատու է համարել Իրանի իշխանություններին: Ի՞նչ կմտածեին ամերիկացիները, եթե մենք նման բան ասեինք 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին»,- ասել է քաղաքական գործիչը:
Հիշեցնենք, որ ահաբեկչությունը տեղի էր ունեցել շաբաթ օրն իրանական Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ, որի հետևանքով մահացել է 28 մարդ, ևս 60-ը ստացել են մարմնական վնասվածքներ: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Ահվազում հայրենասիրական արաբական ժողովրդավարական շարժում» խմբավորումը, որը կապեր ունի Սաուդյան Արաբիայի հետ:
Իրանի նախագահն ավելի վաղ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և «Պարսից ծոցի երկրներից մեկը» ներգրավված են Ահվազում տեղի ունեցած ահաբեկչությանը: «Մեզ համար հստակ է՝ ով է դա արել, որ խմբավորմանն են պատկանում և ում հետ կապ ունեն»,- ասել է նա: