Իրանի ԱԳՆ-ն հայտնել է Ահվազում ահաբեկչության պատասխանատուներին
ՄիջազգայինԻրանական Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության համար պատասխանատու են «ահաբեկչության տարածաշրջանային հովանավորները և նրանց ամերիկացի հրահանգիչները»: Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ահաբեկիչները, որոնց վարձել են, մարզել, զինել և ֆինանսավորել օտարերկրյա ռեժիմները, հարձակում են գործել Ահվազի վրա: Զոհերի թվում կան երեխաներ և երիտասարդներ: Իրանը նման հարձակումների համար պատասխանատու է համարում ահաբեկչության տարածաշրջանային հովանավորներին և նրանց ամերիկացի հրահանգիչներին»,- գրել է Զարիֆը Twitter-ի իր էջում:
Նախարարը հավելել է, որ Իրանն «արագ ու վճռականորեն» ձեռնարկում է պատասխան գործողություններ իր քաղաքացիների պաշտպանության համար:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, անհայտ անձինք կրակ են բացել զորահանդեսի ժամանակ: Մահացել է, ըստ վերջին տվյալների, 11 մարդ, վիրավորվել է ավելի քան 20-ը: Պաշտոնատար անձանցից ոչ ոք չի տուժել:
Նշվում է նաև, որ ոչնչացվել է 2 գրոհային:
Այսօր զորահանդեսներ են անցկացվում Իրանի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ մայրաքաղաք Թեհրանում: Դրանք նվիրված են Սրբազան պաշտպանության շաբաթվան՝ հիշատակի միջոցառումներ, որոնք նվիրված են 1980-1988 թվականներին տեղի ունեցած իրանա-իրաքյան պատերազմին: