ԱՄՆ-ն Իրանին «ահաբեկչության գլոբալ հովանավոր» է անվանել
ՄիջազգայինՄիացյալ Նահանգները ևս մեկ անգամ Իրանին աշխարհում ահաբեկչության գլխավոր «հովանավոր» է անվանել՝ Թեհրանին մեղադրելով մերձարևելյան տարածաշրջանի պետություններում բազմաթիվ հակամարտություններ հրահրելու ու իրավիճակն ապակայունացնելու համար:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, այս մասին ասվում է Պետքարտուղարության՝ աշխարհում ահաբեկչության թեմայով ամենամյա զեկույցում, որը հրապարակվել է չորեքշաբթի:
Զեկույցի հեղինակներն ընդգծել են, որ Իրանն ու իր դրածոները պատասխանատու են Աֆղանստանում, Բահրեյնում, Իրաքում, Լիբանանում ու Եմենում բռնության տարածման համար:
Նրանք հավելել են, որ իրանցի զինյալներն ու նրանց աջակցությունը վայելող գրոհայինները մեծ փորձ են ձեռք բերել սիրիական պատերազմում և այժմ մտադիր են այն կիրառել այլ «դաշտերում»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը «թիվ մեկ ահաբեկչական պետությունն է, որն աշխարհում բոլորին փող ու զենք է մատկարարում»: