Շոյգուն Իսրայելին է մեղադրել Սիրիայում Իլ-20-ի կործանման համար. Պուտինը ցավակցել է զոհվածների ընտանիքներին
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Սիրիայում ռուսական Իլ-20 ինքնաթիռի կործանման և անձնակազմի զոհվելու համար մեղավոր է իսրայելական կողմը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Սերգեյ Շոյգուն փաստել է, որ կործանված ռուսական ինքնաթիռի և անձնակազմի զոհվելու համար ամբողջովին մեղավոր է իսրայելական կողմը»,- ասված է հաղորդագրությունում:
Մինչդեռ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը նշել է, որ իսրայելցի զինվորականների «անպատասխանատու» գործողությունների հետևանքով են զոհվել 15 ռուս զինծառայողները:
«Դա ընդհանրապես չի համապատասխանում ռուս-իսրայելական գործընկերության ոճին»,-ասել է նա:
Russia Today-ը հավելում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ցավակցությունն է հայտնել զոհված զինծառայողների ընտանիքներին:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:00-ի մոտակայքում, Հմեյմիմ ավիաբազա վերադառնալից Սիրիայի ափից 35 կիլոմետր հեռավորության վրա կորել է ռուսական Իլ-20 ինքնաթիռի անձնակազմի հետ կապը:
Գերատեսչությունը հայտնել է, որ Իլ-20-ը կորել է ռադարներից Լաթաքիա շրջանում սիրիական օբյեկտների ուղղությամբ չորս իսրայելական F-16 ինքնաթիռների գրոհի ժամանակ:
ՌԴ ՊՆ-ի համաձայն՝ ռուսական ինքնաթիռը կործանվել է նրա հետևանքով, որ իսրայելցի օդաչուները այն դրել են սիրիական հակաօդային պաշտպանության հարվածի տակ: Ռուսական Իլ-20 ինքնաթիռը կործանվել է սիրիական C-200 հակաօդային պաշտպանության համալիրի հրթիռի կողմից, զոհվել է 15 ռուս զինծառայող:
ՌԴ պաշտպանական գերատեսչությունում հայտնել են, որ իսրայելական ինքնաթիռները կանխամտածված վտանգավոր իրավիճակ են ստեղծել Լաթաքիայի շրջանում, ավիացիայի կառավարման միջոցները չէին կարող չտեսնել Իլ-20-ը, քանի որ այն պատրաստվում էր վայրէջքի: Բացի այդ Իսրայելը նախատեսվող գործողության մասին ՌԴ-ին թեժ գծով տեղեկացրել է հարվածից մեկ րոպե առաջ, ինչը թույլ չի տվել Իլ-20-ը դուրս հանել անվտանգ գոտի:
ՌԴ ՊՆ-ն Իսրայելի սադրիչ գործողությունները որակել է որպես «թշնամական» և հայտարարել է, որ իրեն համերժեք պատասխան գործողությունների իրավունք է վերապահում: