Էրդողանն ԱՄՆ-ին մեղադրել է Թուրքիայի դեմ «ստոր հարձակման» համար
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է թուրքական լիրայի՝ ամերիկյան դոլարի նկատմամբ կտրուկ արժեզրկումն ու դրանից բխող տնտեսական ճգնաժամը։
Ինչպես նշում է թուրքական diken.com.tr կայքը, Էրդողանը պնդել է, որ տեղի ունեցածն ԱՄՆ-ի իշխանությունների՝ Թուրքիայի հասցեին հնչեցրած հայտարարությունների հետևանք է։
«Դոլարի փոխարժեքն այնպես բարձրացավ, որ այդ ամենը տրամաբանորեն բացատրելն անհնար է։ Տարեսկզբին 3,8 լիրա արժեցող դոլարն ապրիլի սկզբին մոտ 4 լիրա էր, հունիսին արդեն 4,6 էր, դա էլ մի կերպ հասկացանք։ Մտածեցինք, որ ընտրությունների ժամանակ նման շարժ կարող է լինել։ Սակայն դրանից հետո սկիզբ առած իրադարձությունները նման կերպ բացատրել այլևս չենք կարող»,- ասել է Թուրքիայի նախագահը՝ հայտարարելով, որ Թուրքիան ենթարկվել է «ստոր հարձակման», որոնք հետևանք են ԱՄՆ-ի իշխանությունների արած հայտարարությունների։
«Թուրքիան մոտ ապագայում կհաղթահարի սա, սակայն առիթից օգտվողներին երբեք չի մոռանա»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն կրկնապատկել է Թուրքիայից ալյումինի ու պողպատի ներկրման համար մաքսատուրքերը, ինչպես նաև Թուրքիայում ամերիկացի հոգևորականի կալանավորման շուրջ տարաձայնությունների ֆոնին նոր պատժամիջոցներ է սահմանել Անկարայի դեմ:
Թուրք-ամերիկյան հարաբերություններում ճգնաժամի պատճառ է դարձել Թուրքիայում կալանավորված ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի աղմկահարույց դատական գործը։ Ի հեճուկս ԱՄՆ-ի պահանջների՝ Թուրքիան հրաժարվում է արտահանձնել հոգևորականին։