Ռուսական «Սոյուզ» տիեզերանավում գայլիկոնով արված աշխատանքի նոր հետքեր են հայտնաբերվել
ՄիջազգայինՄասնագետները գայլիկոնով արված աշխատանքի նոր հետքեր են հայտնաբերել ռուսական «Սոյուզ ՄՍ-09» տիեզերանավի երեսպատման վրա, հայտնում է tass.ru-ն՝ հրթիռա-տիեզերական ոլորտի քաջատեղյակ աղբյուրին հղումով:
Նա մանրամասնել է, որ գայլիկոնի փորիչի հետքերը հայտնաբերվել են տիեզերանավի ոչ միայն կենցաղային հատվածում, այլև տիեզերանավը դրսից ծածկող հակաերկնաքարային պաշտպանության շերտի վրա:
Գործակալության զրուցակիցը նշել է, որ գայլիկոնով անցք բացող անձը փորիչի գլխիկով դիպել է տիեզերանավի դրսի՝ ոչ հերմետիկ պաշտպանության շերտին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռոսկոսմոս»-ի հատուկ հանձնաժողովը միանգամայն հավանական էր համարել այն վարկածը, համաձայն որի՝ ամերիկացի տիեզերագնացները կարող էին միտումնավոր անցք բացել ռուսական «Սոյուզ ՄՍ-09» տիեզերանավում:
Ամերիկացի տիեզերագնացները կարող էին միտումնավոր գայլիկոնով ծակած լինել ռուսական տիեզերանավը, որպեսզի ամբողջ անձնակազմի արագ տարհանման հրաման տրվեր ու հնարավորինս արագ Երկիր տեղափոխվեր իրենց հիվանդ գործընկերը:
Հատկանշական է, որ անցքը եղել է տիեզերանավի՝ ՄՏԿ-ի ամերիկյան հատվածին կպած մասում:
Ներկայում ՄՏԿ-ում գտնվում է 6 տիեզերագնաց, որից 3-ն ամերիկացի են, երկուսը՝ ռուս, իսկ մեկը՝ գերմանացի: