Նիդեռլանդներն օգնություն է տրամադրել Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին. NLTimes
ՄիջազգայինԵրկու տարի շարունակ Նիդեռլանդներն օգնություն է հատկացրել զինված սիրիական խմբավորումներին, այդ թվում՝ «Ջեբհաթ աշ-Շամիային», որը երկրի իշխանությունները ճանաչել են որպես ահաբեկչական խմբավորում, հայտնում է NLTimes-ը: Սկանդալային տեղեկությունը հայտնի է դարձել հոլանդական Nieuwsuur և Trouw պարբերականների լրագրողների հետաքննության շնորհիվ:
Ինչպես պարզել են լրագրողները, 2017 թվականին Նիդեռլանդները գաղտնի համազգեստ, մեքենաներ և այլ սարքավորումներ է տրամադրել իսլամիստական շարժմանը NLA գաղտնի պետական ծրագրի շրջանակում:
Ծրագիրը գործարկվել է 2015 թվականին, երկու տարվա ընթացքում Նիդեռլանդները «ոչ մահաբեր ապրանքներ» է մատակարարել ավելի քան 20 զինված սիրիական խմբավորումների: Ընդհանուր առմամբ, երկու տարվա ընթացքում օժանդակության համար հատկացվել է ավելի քան 70 միլիոն եվրո:
Լրագրողները եկել են եզրակացության, որ տարբեր սիրիական խմբավորումներին ուղղված օգնության վերահսկողությունը բավարար չի եղել:
Հաղորդվում է, որ Նիդեռլանդների խորհրդարանի ներկայացուցիչների պալատում «ցնցված» են տեղեկություններից, իսկ Արտգործնախարարությունում հայտնել են, որ տեղեկություններին «շատ լուրջ» են վերաբերում, և ընդգծել են, որ դա միայն ամրապնդել է իրենց որոշումը՝ դադարեցնել զինված ընդդիմությանն օգնության ծրագիրը:
Ավելի վաղ իշխանությունները հայտարարել են խմբավորումներին ուղղված օգնությունը դադարեցնելու մասին՝ ծրագրի անարդյունավետության պատճառով՝ չհստակեցնելով, թե ով է մասնավորապես ստացել օժանդակություն: