Ուկրաինան մտադիր է Ազովի ծովում Ռուսաստանի հետ սահման անցկացնել
ՄիջազգայինՈւկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Պավել Կլիմկինը ICTVհեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ իշխանությունները մտադիր են Ազովի ծովով սահման անցկացնել Ռուսաստանի Դաշնության հետ:
Նա մանրամասնել է, որ ներկայում ուկրաինական իշխանությունները փորձում են գործընկերների ուշադրությունը սևեռել Ազովի ծովը քաղաքական և իրավական առումներով սովորական տարածքային ծով ճանաչելու հարցին: Հայտնի է, որ այն այժմ միջազգային ջրային տարածք է համարվում:
Կլիմկինն ասել է, որ Կիևին անհրաժեշտ է Ռուսաստանի հետ ծովային սահման ունենալ ու դատական գործերում այդ հանգամանքն օգտագործել:
Պաշտոնյան նաև ընդգծել է, որ Ուկրաինան պետք է զարգացնի Ազովի ծովում ռազմական ներկայությունը:
«Հարկավոր են հակադեսանտային գործողություններ ու Ազովի ծովում հետագա ներկայություն, որը մենք պետք է զարգացնենք:
Առանց դրա, իհարկե, չենք հաղթի»,-ընդգծել է արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ Ազովի ծովի ու Կերչի նեղուցի օգտագործման հարցում համագործակցության համաձայնագիրը ՌԴ-ի և Ուկրաինայի միջև կնքվել էր 2003թ.՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի արդեն նախկին ղեկավար Լեոնիդ Կուչմայի միջև:
Դրանից հետո ուկրաինական կողմը բազմիցս հայտարարել է համաձայնագիրը չեղարկելու ցանկության մասին՝ պատճառաբանելով, որ այն չի բխում երկրի ազգային շահերից:
Ազովի ծովի հետ կապված իրավիճակը սրվել է վերջերս, երբ Ուկրաինային դուր չէր եկել, որ ռուսական ռազմանավերը ստուգումներ են իրականացրել ուկրաինական նավերի վրա: