Արցախում կանայք գործազուրկ են
ՀասարակությունԱրցախի Հանրապետությունում 1475 մարդ գործազուրկ է։ Ընթացիկ տարվա հուլիսի մեկի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ արձանագրվել է գործազուրկների թվաքանակի աճ՝ 107․8 տոկոսով։ Armdaily.am-ն անդրադարձել է տնտեսության ամենաէական հիմնախնդիրներից մեկին՝ գործազրկությանը: Վիճակագրական տվյալների համաձայն՝ մայրաքաղաք Ստեփանակերտում գործազուրկների ընդհանուր թվաքանակը կազմում է 58․6 տոկոս։ Հաջորդը Մարտունու շրջանն է՝ 11․5 տոկոս, երրորդը՝ Մարտակերտը՝ 8․3 տոկոսով։ Գործազուրկների նվազագույն թվաքանակով առանձնանում է Քաշաթաղի շրջանը՝ 3․7 տոկոսով։ Արցախում գործազուրկների մեծ մասը կանայք են՝ 81 տոկոս, համապատասխանաբար տղամարդիկ՝ 19 տոկոս։ Գործազուրկների առավելագույն թվաքանակը միջին՝ 35-44 տարեկանների շրջանում է՝ 22.2 տոկոս: Հաջորդը՝ 45-54 ու 55-ից բարձր տարիքի անձինք են, որոնք կազմում են գործազուրկների համապատասխանաբար 17 ու 17.7 տոկոսը: Երրորդ տեղում են 25-29 տարեկան երիտասարդները՝ 16.6 տոկոս: Պետք է նշել, որ գործազուրկների թվաքանակի մեջ երիտասարդների՝ 16-29 տարեկաններ, մասնաբաժինը կազմում է 27 տոկոս: